Ախպրաձորի հիմնանորոգված  դպրոցի շենքն իր դռները բացեց աշակերտների առջեւ  

Հրատարակվել է հոկտեմբեր 14 2021, 4:03 armenpress.am֊ի կողմից
 Ախպրաձորի հիմնանորոգված  դպրոցի շենքն իր դռները բացեց աշակերտների առջեւ

 

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան)։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ախպրաձոր համայնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքը հանդիսավոր պայմաններում դռները բացեց աշակերտների առջեւ։  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, շենքի հիմնանորոգման նախաձեռնող եւ հովանավոր «Հայ կրթական միություն» եւ «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները,  Ախպրաձորի շրջակա համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, հյուրեր։

 Դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի ներկայացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության եւ բարերար Գաբրիելյան ընտանիքի ֆինանսական միջոցներով։ Իսկ նախաձեռնությունը պատկանում է «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը եւ նրա ղեկավար Նանոր Պալապանյանին, որոնք հովանավորների համար բացահայտել են Ախպրաձոր համայնքի հիմնախնդիրներն ու գրավչությունները։   

«Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ ներքին ու արտաքին հարդարմամբ։- Նշեց Գինեվարդ Ղուկասյանը:- Նկուղային հարկը հիմնանորոգվել ու  հարմարեցվել է ապաստարանի՝ հաշվի առնելով նաեւ Ախպրաձորի սահմանամերձ ու թիրախային վիճակը։ Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում փայտե վառարաններով ջեռուցելու կարգից  արդեն անցնում ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։ Փոխվել  են բոլոր դռներն ու լուսամուտները, կառուցվել  է նոր ձեղնահարկ։ Ներսում նորոգվող դասասենյակների,  միջանցքի, մարզադահլիճի, այլ սենյակների մակերեսը կազմում է շուրջ 2 500 քառակուսի մետր։ Դպրոցն արդեն ունի  մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, սեպտիկ հոր։ Համայնքի բնակչությունը երկար է սպասել այս կենսական ծրագրի իրականացմանը, որը հնարավոր դարձավ նաեւ սփյուռքահայ այն  ուսանողների ջանքերով, ովքեր վերջին տարիներին ամառային ճամբար էին հիմնում ախպրաձորցի դպրոցականների համար եւ շատ էին ցանկանում, որ Ախպրաձորն ունենա արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք։ Մեր դպրոցն այժմ ունի 58 աշակերտ, որոնցից տասն առաջին դասարանցիներին  ընդունել ենք այս սեպտեմբերին։ Այլ խոսքով՝ աշակերտների թվի աճ էլ ունենք։ Մեզ մնում է հավատով լցվել ապագայի հանդեպ ու ավելի ոգեւորված շարունակել մեր  աշխատանքը բարձրադիր ու արդեն սահմանապահ մեր գյուղում։ Անսահման երախտապարտ ենք նախաձեռնող ու հովանավոր կազմակերպություններին՝ նման հույժ կարեւոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ասաց դպրոցի տնօրենը։

«Մեր կազմակերպությունն այսօր իրականություն դարձրեց իր կարեւոր ծրագրերից  ու առաքելություններից մեկը՝ սահմանամերձ այս համայնքին պարգեւելով արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց։- Ներկաներին դիմեց «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արմինե Հարոյանը։- Այն իրականացավ մայր հայրենիքի ու Սփյուռքի կազմակերպությունների ու բարի կամքի տեր մարդկանց համագործակցության արդյունքում, ավելի քան 50 միլիոն դրամի ներդրմամբ,  և համոզված ենք, որ սահմանապահ այս գյուղում մարդիկ այս ծրագրից շատ ավելի կոգեւորվեն, ավելի կամրանան իրենց հողի վրա, իսկ այս դպրոցում լավագույն պայմաններում կկրթվեն մեր ապագա զինվորները, շինարարները, գիտնականները, գյուղատնտեսները։ Շնորհավորում եմ բոլորիս այս երջանիկ ու գեղեցիկ օրվա առիթով։ Օրերս մեր կազմակերպությունը ինժեներական լաբորատորիաներ է բացել Ներքին Գետաշեն եւ Ջիլ համայնքներում, իսկ այս պահին հիմնանորոգման աշխատանքները մեր միջոցներով ընթանում են Չկալովկայի միջնակարգ դպրոցում։ Կրթությունն այն հիմնական միջոցն է, որով մենք կհասնենք մեր հայրենիքի ընդհանուր հզորությանը, բարօրությանն ու խաղաղությանը»,-ասաց Արմինե Հարոյանը։

Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, համայնքի անունից շնորհակալություն հայտնելով բարերարներին, ընթերցեց գյուղի ավագանու որոշումն առ այն, որ համայնքի միջնակարգ դպրոցի շենքի արդիականացման ծրագիրն իրականացնելու եւ հայրենանվեր գործունեության համար  «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության շինարարական աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանն արժանացել է «Ախպրաձոր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչմանը։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում այս կենսական ծրագրի նախաձեռնողներին ու բարերարներին։ Այս ձեռնարկը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան ուժեղ ենք մենք, երբ հանդես ենք գալիս միասնական, մեկ նպատակի՝ հայրենաշինության շուրջ։ Ախպրաձորի համար նաև պետական մի կարեւոր ճանապարհաշինական ծրագիր է կյանքի կոչվել, որին մարդիկ տասնամյակներով են սպասել։ Այս ձեռքբերումների համար շնորհավորելով համայնքի բնակիչներին՝ միաժամանակ ուզում ենք հավատացնել նրանց, որ սահմանապահ այս համայնքում իրենք միշտ կզգան հայրենի կառավարության եւ սփյուռքահայ մեր հայրենակիցների աջակցությունը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։

Այնուհետև ներկաները մասնակցեցին Ախպրաձորի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակի բացման եւ անվանակոչության արարողությանը։ Դասասենյակը կրում է դպրոցի սան, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Համլետ Աղաբեկյանի անունը։

Խոսրով Խլղաթյան