Ալիեւը Շուշիում գորգերի թանգարան է բացում, իսկ Շուշիից փրկված գորգերի ճակատագիրը մնում է անորոշ (տեսանյութ)

Հրատարակվել է սեպտեմբեր 2 2021, 21:46 a1plus.am֊ի կողմից
Տեսանյութեր Մշակույթ
Ալիեւը Շուշիում գորգերի թանգարան է բացում, իսկ Շուշիից փրկված գորգերի ճակատագիրը մնում է անորոշ (տեսանյութ)

«Սա այն օրը չէ, որ ճոխ ձևով նշենք Շուշիի գորգերի թանգարանի հոբելյանը, բացման տաս տարին, որովհետև թանգարանը Շուշիում չի։ Այդ շենքում հիմա արդեն Ալիևն է գորգի թանգարան բացել։ Բայց և պետք էր նշել, քանի որ սա ևս մեկ առիթ է ասելու, որ թանգարանը կա, գորգերը կան։ Նաև ես կցանկանայի, որ սա որպես հիշեցում լիներ այն մարդկանց, որոնք հնարավորություն ունեն այս թանգարանին տեղ տալ, շենք տրամադրել»,- ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ 

Փետրվարից Վարդան Ասծատրյանի հիմնադրած Շուշիի գորգերի մասնավոր թանգարանի փրկված գորգերը գտնվում ու ցուցադրվում են այստեղ։ «Ա1+»-ի հարցին, թե ինչպես պետք է լուծվի գորգերի համար տարածք տրամադրելու խնդիրը, Մարկ Գրիգորյանը պատասխանեց, որ ինչքան կարող է, հնարավորություն ունի պահում է, բայց սա ի վերջո, ճարտարապետության թանգարան է։ 

«Իհարկե, ճիշտ կլիներ, որ գորգերը չդառնան քաղաքական երևույթների առարկա։ Բայց, ցավոք մենք ապրում ենք այնպիսի  աշխարհում, որտեղ նույնիսկ գորգերն են դառնում քաղաքականության առարկա»,-ասում է նա։

«Ա1+»-ի հարցին, թե այս ամիսների ընթացքում քանի պատգամավոր, կամ պաշտոնյա է այցելել դիտելու ցուցադրությունը և արդյոք այս խնդրին փորձել են լուծում տալ, կամ գոնե բարձրաձայնել, Շուշիի գորգերի մասնավոր թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը  պատասխանեց, որ անգամ եթե այցելել են, իրեն չեն հանդիպել։ Բայց այս խնդրի մասին, իհարկե, տեղյակ են թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունները։ Սակայն մինչ օրս որևէ հստակ պատասխան որևէ մեկը չի տվել։  

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում