Բերդավանի բլրին կառուցվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հուշահամալիր

Հրատարակվել է հունվար 14 2022, 22:16 aravot.am֊ի կողմից
Երեվանից դուրս Բերդավան Բերդավան հիմնադրամ Սմբատ Մուղդուսյան Տավուշ
Բերդավանի բլրին կառուցվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հուշահամալիր

Բերդավանի բարձունքում բացվել է Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում զոհված բերդավանցիների հիշատակին նվիրված հուշահամալիրը:

Բերդավանի Վարչական Ղեկավար Սմբատ Մուղդուսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հուշահամալիրը կառուցվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված «Բերդավան» հիմնադրամի ջանքերով․ «Հիմնադրամին սկսեցին օգնել հիմնականում բերդավանցիները, որոնք արտերկրում են բնակվում իսկ տեղացիները օգնում են իրենց աջակցությամբ:

Հիմնադրամի ջանքերով կառուցված հուշահամալիրը հիմնադրամի առաջին նպատակներից մեկն էր: Ամառվանից սկսվեց դրամահավաքը, որին տարբեր մարդիկ միացան, համայնքապետարանը աջակցեց շինանյութով և տեխնիկայով, դպրոցականները հուշարձանի տարածքում մաքրման աշխատանքները իրականացրեցին: Խաչքարերի Էջմիածնում պատրաստվեց: Հուշարձանի բլրից ներքև գտնվում է ադրբեջանական գյուղը, որը տեղացիները Քյամառլու են անվանում, և մեր գյուղը: Այն հենց այդտեղ է կառուցվել, քանի որ գյուղը հսկելու խորհուրդ ունի»։

Մուղդուսյանը նաև նշեց, որ հիմնադրամը նաև նախատեսում է գյուղատնտեսական դասընթացներ իրականացնել գյուղի բնակիչների համար, ինչպես նաև նախատեսվում է ռազմական գիտելիքներ և ինքնապաշտպանական վարժանքների դասընթացներ անցկացնել գյուղացիների շրջանում:

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում բերդավանցի 6 զոհ է եղել՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը:

Մուղդուսյանի փոխանցմամբ՝ Արցախյան 44 օրյա պատերազմից մոտ 15- 17 բերդավանցի զինծառայող է վերադարձել և մոտ 100 կամավոր զինվորականներ են մասնակցել պատերազմին:

Սաթենիկ Հովսեփյան

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի: