Գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի. Անահիտ Ավանեսյանը՝ թունավորման դեպքերի մասին

Հրատարակվել է նոյեմբեր 25 2021, 16:03 panorama.am֊ի կողմից
Առողջություն
Գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի. Անահիտ Ավանեսյանը՝ թունավորման դեպքերի մասին

«Հարցը կուսումնասիրվի և կպարզենք թե ինչ ընթացակարգերի բացերի հետևանքով է, որ որոշ տվյալներ ամբողջ տեղեկատվական բազայում արտացոլվել է, բայց «Արմեդ» համակարգում չի եղել»,-կառավարության ճեպազրույցների սրահում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մինչ այդ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ամփոփած տվյալներում կովիդից 700 մահվան դեպք ավել է արձանագրված, քան Առողջապահության նախարարության «Արմեդ» համակարգում:

Ավանեսյանի խոսքվ՝ «Արմեդ» համակարգը ամբողջապես չի կարողացել համակարգել մահերի բոլոր դեպքերը, իսկ ԱՎԾ-ի վիճակագրական պատկերը նաև այլ տեղեկատվական համակարգերը օգտագործելով ամբողջական պատկերն է տվել:

Նախարարը տեղեկացրեց, որ «Արմեդ» համակարգը ներդրվել է հընթացս, անընդհատ բարելավել են նրա ներբեռնվող տեղեկատվության որակը, ամբողջությունը, սակայն թվերի մեջ անհամապատասխանություններ են եղել:

Անդրադառնալով սննդի կետերում թունավորման դեպքերին՝ առողջապահության նախարարը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոն և ՍԱՊԾ-ն ամբողջական ուսումնասիրում են դեպքերը: 

«Միասնական բոլոր դեպքերի արդյունքում գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման թունավորումների դեպքերը»,-հայտնեց Ավանեսյանը։