Հայկական ԱԷԿ-ը միացված է Հայաստանի էներգահամակարգին

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 12:08 b24.am֊ի կողմից
Ատոմակայան Հայաստան Հայկական ԱԷԿ Ռոսատոմ AMP տարբերակ
Հայկական ԱԷԿ-ը միացված է Հայաստանի էներգահամակարգին

Հոկտեմբերի 17 – ին Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է: Սա ամենաերկար և ամենակարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչեւ 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

Այս տարին Հայկական ատոմակայանի համար հարուստ է կարևոր իրադարձություններով և հոբելյաններով՝ 55 տարի առաջ կայացվեց կայանը կառուցելու որոշումը, իսկ 10 տարի անց ատոմակայանը միացավ Հայաստանի էներգահամակարգին։ 

«Այսօր էլ ավարտվել է ամենաերկար պլանային-նախազգուշական վերանորոգումը՝ կայանի աշխատանքը դադարեցվել էր մոտ հինգ ամիս։ Ես հպարտ եմ մեր ատոմակայանի կոլեկտիվով, որը բարձր պրոֆեսիոնալիզմ և իրական թիմային համակարգված աշխատանք է ցույց տվել Ռոսատոմի մասնագետների հետ համագործակցությամբ։ ՊՆՎՎ-ի ընթացքում ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլոր մասնագետների համար անվիճելի առաջնահերթությունը ԱԷԿ-ի անվտանգությունն ու հուսալիությունն է։ Այդ պատճառով, բացի պարտադիր աշխատանքներից, լրացուցիչ ստուգումներ են անցկացվել, և այժմ Հայկական ԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։ Նման թիմի հետ կարելի է համարձակորեն նայել ապագային»,-ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ 2015թ.-ից մոտ 250 մլն․ դոլար արժողությամբ սարքավորումներ գնվել են և աշխատանքներ են իրականացվել։ Իրականացվել է շուրջ 5 հազար միավոր սարքավորումների զննում և արդիականացում, կատարվել է սպրինկլերային համակարգի, հուսալի սնուցման համակարգի արդիականացում, փոխարինվել են ավտոմատիկայի և կառավարման համակարգերը, ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել վառելիքի նույն ծախսերում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 10-15%-ով:

Արդիականացման աշխատանքների իրականացման համար կայան է հասցվել շուրջ 150 երկաթուղային վագոն՝ Մոսկվայից, Կրասնոյարսկից, Խարկովից, Զապորոժյայից, Սանկտ Պետերբուրգից և այլ քաղաքներից․ ԱԷԿ-ի տուրբոգեներատորի համար 180 տոննա կշռող ստատոր և ռոտոր, մոտ 25 մետր երկարությամբ գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ և այլ խոշոր ու ծանր սարքավորումներ: Առաքումը ՀԱԷԿ իրականացվել է ցամաքային տրանսպորտով, ծովով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով՝ արդեն ՀԱԷԿ-ում։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։ 

Այս տարի ավարտվել են նախագծի ավարտական աշխատանքները. արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի հնեցման ավազանը։ Միակ բանը, որ ԱԷԿ-ում չի կարելի արդիականացնել կամ փոխարինել՝ ռեակտորի կորպուսն է՝ Միջուկային էներգետիկական սարքավորման հիմնական անփոխարինելի տարրը։ Դրա համար կայանում 2020-2021 թթ.ընթացքում պատրաստվել են ռեակտորի կորպուսի վերականգնողական թրծաթողմանը։ Թրծաթողման նպատակով ատոմակայան է տեղափոխել ու հավաքել երկհարկանի տան բարձրությամբ սարք, ինչպես նաև ռեակտորից դուրս է բերվել վառելիք ու սարքավորումներ: Թրծաթողումը թույլ է տալիս վերադարձնել մետաղական ռեակտորի շահագործման բնութագրերը՝ 80-85%։

ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում: «Ռոսատոմը՝ որպես գլոբալ առաջնորդ, հասկանում է Հայաստանի համար ատոմային գեներացիայի կարեւորությունը։ Ուստի, մենք մեր կողմից գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի արդիականացումն անցնի հնարավորինս սեղմ ժամկետներում ու տեխնիկական բարձր մակարդակով։ Նախագծին մասնակցել են ատոմային ոլորտի առաջատար գիտական ինստիտուտներ ու կազմակերպություններ։ Կայանի աշխատանքներին միշտ ներկա են եղել մեր ինժեներները և միայն այս տարի, չնայած COVID-19-ի սահմանափակումներին, հարթակում աշխատել է 300 ռուս մասնագետ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր համագործակցությունը չի ավարտվում։ «Ռոսատոմի» եւ Հայկական ԱԷԿ-ի միջև մշտապես փորձի փոխանակում ու տեխնիկական աջակցություն է իրականացվում», – նշեց «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

«Ռոսատոմ»-գլոբալ տեխնոլոգիական առաջնորդ, համաշխարհային ատոմային էներգետիկայի թիվ մեկ ընկերություն, որն աշխատում է ավելի քան հիսուն երկրներում: Լինելով ատոմային ոլորտի պիոներներից մեկը՝ «Ռոսատոմն» ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում միջազգային միջուկային շուկայում, այդ թվում՝ ԱԷԿ-ի կառուցումը, ուրանի արդյունահանումն ու հարստացումը, միջուկային վառելիքի գործարանն ու մատակարարումները: Այսօր, շնորհիվ 75 տարիների ընթացքում կուտակած բացառիկ իրավասությունների, ընկերությունը ձեռք է բերում նոր հեռանկարային նորարարական ապրանքների շուկաներ: Ջրածնային էներգետիկան, էներգիայի կուտակիչները, միջուկային բժշկությունը, հողմաէներգետիկան, կոմպոզիտային նյութերը, լոգիստիկ բիզնեսը, բնապահպանական լուծումները, բիզնեսի ավելի քան հարյուր նոր ուղղություններ որոշում են Ռոսատոմի այսօրվա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում: Իր գործունեության մեջ «Ռոսատոմ» պետական կորպորացիան կողմնորոշվում է կայուն զարգացման ոլորտում միջազգային օրակարգով։ Ռոսատոմը ծանրակշիռ ներդրում է կատարում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում՝ որպես ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի ընկերություն՝ զարգացնելով ատոմային, ջրածնային և հողմաէներգետիկան: Ռուսական դիզայնով ԱԷԿ-ը տարեկան տնտեսում է ավելի քան 210 մլն տոննա ջերմոցային գազ՝ կլիմայի փոփոխության գլխավոր պատճառը: 2021 թվականին ընկերությունը տեղաբաշխել է «կանաչ» բորսային պարտատոմսերի առաջին թողարկումը։ 2020 թվականից «Ռոսատոմ» պետական կորպորացիան ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի ցանցի անդամ է։

Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում և արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծն է: Հայաստանը կուտակել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման բացառիկ փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 6․5 տարվա ընթացքում կոնսերվացման մեջ մնալուց հետո: Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի և հանրապետության սոցիալ-տնտեսական ամբողջ կյանքի զարգացման համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը և կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: