Հիմա եթե ես ասեմ, որ այո, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ. Պաշտպանության փոխնախարար

Հրատարակվել է դեկտեմբեր 9 2021, 18:04 aysor.am֊ի կողմից
Հիմա եթե ես ասեմ, որ այո, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը։

«Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես որ կարգն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ մոդուլային տնակերը պատշաճ հնարավորություն են ստեղծում զինվորների համար հերթափոխ իրականացնել, քնել, տաքանալ։

«Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,- նշեց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պատգամավորներից մեկն ասում էր, որ հեռադիտակներից մեկի աչքը չկար, փոխնախարարն արձագանքեց. «Հիմա եթե ես ասեմ, որ այո՛, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ ինչ-որ մի տեխնիկա խափանված լինի, բայց այն անմիջապես փոխարինվում է»։