Իշխանազավթման փորձ, բռնաճնշումներ Վարդենիսում

Հրատարակվել է դեկտեմբեր 9 2021, 18:02 168.am֊ի կողմից
168.am Տեսանյութեր Քաղաքականություն
Իշխանազավթման փորձ, բռնաճնշումներ Վարդենիսում

Վարդենիսում այս պահին լարված իրավիճակ է: Քաղաքացիները փակել են փողոցներ՝ ի նշան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում իրենց ազատ կամարտահայտման վրա իշխանությունների կողմից բռնանալու փորձի:

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին դեռ ոստիկաններին չի հաջողվել բացել փողոցները:

Քիչ առաջ այդ առնչությամբ հայտարարություն էր տարածել «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը:

Հայտարարության մեջ նշված էր, որ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը:

«Իշխանությունները, սակայն, չհաշտվելով պարտության հետ և վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Հիշեցնենք՝ իշխանական գործիչներից մեկը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հայտարարել է, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել և ձայն տալ ՔՊ-ին:

Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար: Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն: Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:  Իշխանությունների այս լկտի, ցինիկ վարքագիծը և բանեցվող բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում»,- գրված էր դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Ըստ էության իշխանությունները,  չհաշտվելով Վարդենիսում պարտության հետ, վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Հենց այդ նպատակով նրանք ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին: Վերջինս այսօր կարող էր ու ըստ ամենայնի կդառնար Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար:

Մանրամասները՝ տեսանյութում