Մեկ ամիս առաջ Լա Պալմայում ժայթքած հրաբխի լավայի հոսքերը մոտ 2 հազար շենք են ավերել

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 13:16 azatutyun.am֊ի կողմից
Մեկ ամիս առաջ Լա Պալմայում ժայթքած հրաբխի լավայի հոսքերը մոտ 2 հազար շենք են ավերել

Իսպանական Լա Պալմա կղզում մոտ մեկ ամիս առաջ սկսված հրաբխի ժայթքման վերջը չի երևում, երեկ ասել է Կանարյան կղզիների նախագահ Անխել Վիկտոր Տորեսը:

Կղզու օդանավակայանից բոլոր թռիչքները կիրակի չեղարկվել են հրաբխային մոխրի պատճառով:

Հոկտեմբերի 17-ին կղզում 42 սեյսմիկ ցնցում է արձանագրվել մինչև 4.3 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Իսպանիայի National Geographic Institute-ը:

«Ոչ մի նշան չկա, որ ժայթքումը շուտով կավարտվի, չնայած սա բոլորի ամենամեծ ցանկությունն է», - ասել է նախագահ Տորեսը՝ վկայակոչելով գիտնականների կարծիքը:

Սեպտեմբերի 19-ից՝ ժայթքման սկզբից ի վեր, լավայի հոսքերը ավերել են 742 հեկտար հող և կղզում գտնվող մոտ 2 հազար շենք: Մոտ 83 հազար բնակչություն ունեցող կղզում գտնվող տներից տարհանվել է մոտ 7 հազար մարդ։