Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 14:31 armlur.am֊ի կողմից
Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում:

Ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացւոցիչների կողմից ներկայացված՝ տարաբնույթ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք վեր են հանվել իրականացվող մշտադիտարկման արդյունքում, իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 3-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 2-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը՝ այլ բնույթի են, այդ թվում՝ կապված ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների, վարչական ռեսուրսների օգտագործման, ընտրողների ուղղորդման վերաբերյալ արված հայտարարություննեի հետ:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 9-ը հաղորդում, որոնք բնույթով եղել են ընդհանրական, ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից, նաև մարզի դատախազության հանձնարարությամբ, դարձվել են ստուգման առարկա՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Իսկ 2-ի առթիվ, որոնցից մեկը վերաբերել է առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ մյուսը՝ առերևույթ ընտրակաշառքի բաժանմանը, հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Դրանցից առաջինն ընթացքի մեջ է, իսկ մյուսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշված քրեական գործով կատարվում է նախաքննություն: